Աշխատանք ՀԾԿՀ-ի հետ

2009թ.  հունվարին  դիմել  ենք  հանրային  ծառայությունները  կարգավորող  հանձնաժողով,  որպեսզի  նա  քննարկման  առարկա  դարձնի  նոր  ընթացակարգ:  Ընթացակարգը  վերաբերվում  է  հանրային  ծառայությունների  կարգավորման  պրոցեսում  սպառողների  շահերի  ներկայացմանը  եւ  պաշտպանությանը:  Կցել  ենք  նաեւ  ընթացակարգի  նախագիծ:

ՀԾԿՀ-ն  մինչ  այժմ  քննարկման  չի  դրել  այդ  հարցը,   մանրամասներ...

 

 

Նախագիծ


Հանրային  լսումների  և  նիստերի  նախապատրաստման  
և  անցկացման  կարգ

Հիմք  ընդունելով  ՀՀ  օրենսդրությամբ  նախատեսված  կարգավորման  սկզբունքները  և  ՙՀանրային  ծառայությունները  կարգավորող  մարմնի  մասին՚  ՀՀ  օրենքի  11  հոդվածը  հանրային  ծառայությունները  կարգավորող  Հանձնաժողովը  սահմանում  է  հանրային  լսումների  նախապատրաստման  և  անցկացման   կարգը:

1.  Ընդհանուր  դրույթներ
Հանրային  ծառայությունների  կարգավորումը,  համաձայն  օրենքի,  իրականացնում  է  հանրային  ծառայությունները  կարգավորող  հանձնաժողովը  (այսուհետ՝  Հանձնաժողով),  որոշումների  ընդունման  ձևով:
Հանձնաժողովը  որոշումներն  ընդունում  է  նիստերի  միջոցով:

2.  Օգտագործվող  հիմնական  հասկացություններ

Հանրային  ծառայությունների  կարգավորում`   Հանձնաժողովի  կողմից  իրականացվող  գործառույթների  ամբողջություն,  որն  ուղղված  է  օրենքով  նախատեսված  կարգավորման  սկզբունքների  իրականացմանը:

Լսումներ՝  Հանձնաժողովի  վարույթում  գտնվող  գործերի  նախնական  քննարկումներ:
Շահագրգիռ  անձ` Հանձնաժողովում  քննարկման  ենթակա  հարցի  նկատմամբ  շահագրգռվածություն  ունեցող  սուբյեկտ
Կողմ` Հանձնաժողովի կողմից  քննարկվող  կոնկրետ  հարցերի  դեպքում,  հանձնաժողովի  որոշմամբ  հատուկ  իրավասություններ  ունեցող  անձ
Հասարակական  ծանուցում:  Շահագրգիռ  անձանց  նախատեսվող / առաջարկվող  գործողությունների  մասին  տեղեկացում

Հանրության  մասնակցության  ապահովում:  Հանձնաժողովի  կողմից  սահմանված  ընթացակարգ:

3.  Որպես  կողմ  ներգրավելու  ընթացակարգ

3.1  Հանձնաժողովում  քննարկվող  գործի  ծանուցում  կատարելիս  Հանձնաժողովը  համապատասխան  որոշմամբ  սահմանում  է  այն  սուբյեկտների  շրջանակը  որոնք  տվյալ  գործի  քննության  ընթացքում  դիմում  են  որպես  կողմ  հանդես  գալու  համար:

3.2 Գործի  քննության  համար  որպես  կողմ  ներգրավվելու  նախաձեռնություն  ցուցաբերող  սուբյեկտը  պետք  է  այդ  մասին  հանձնաժողով  ներկայացնի  դիմում  ոչ  ուշ  քան  5  օր  առաջ  նախքան  տվյալ  գործի  լսումների  կազմակերպումը:   Դիմումի մեջ պետք է նշված լինի դիմողի անունը,  ազգանունը և հասցեն: Դիմողի  առընչությունը  քննվող  գործին,  նրա  կողմից  գործի  կապակցությամբ  ներկայացված  մոտեցումները:

3.3   Հանձնաժողովի  որոշմամբ  սուբյեկտին  որպես  կողմ  ներգրավելու  դիմումը  մերժելը  պետք  է  լինի  հիմնավոր  ու  պատճառաբանված:  Աննպատակահարմարության  հիմքով  մերժելն  արգելվում  է:

4.  Լսումների  և  նիստերի  նախապատրաստման  ընթացակարգ
4.1  Հանձնաժողովի  նախագահը,  համապատասխան  գրությամբ,  սահմանում  է    լսումների  և  նիստերի  անցկացման  օրն  ու  ժամը:

4.2   Հանձնաժողովի  աշխատակազմը  ցանկացած  հարցի  վերաբերյալ  վարույթ  սկսելուց  անմիջապես հաջորդ  օրը  վարույթի  վերաբերյալ  ամբողջ  տեղեկատվությունը  տեղադրում  է  հանձնաժողովի  էլեկտրոնային  կայքում

4.3 Սակագների  կառուցվածքի,  դրանց  սահմանման  մեթոդաբանությունների,  բաժանորդներին  տրամադրվող  ծառայությունների  որակին  ու  պայմաններին  առնչվող  հարցերի  քննարկման  դեպքում  Հանձնաժողովը  Կողմերին  ու  շահագրգիռ  անձանց  լսումների  կամ  նիստի  անցկացման  պահից  առնվազն  10  օր  առաջ  ներկայացնում  է  քննարկման  օրակարգը:

4.4   Լսումների  և  նիստի  անցկացման  մասին  Կողմերը  և  շահագրգիռ  անձինք  պատշաճ  կերպով  ծանուցվում  են  Հանձնաժողովի  կողմից:

4.5  Հանձնաժողովի  կողմից  պատշաճ  կերպով  ծանուցում  իրականացվելուց  հետո  օրակարգում  և  կից  փաստաթղթերում  փոփոխություններ  թույլատրվում  են  կողմերի  փոխադարձ  համաձայնությամբ:

4.6  Հանձնաժողովի  կողմից  հարցերի  քննարկման  ընթացքում  կողմերն  օժտվում  են  հավասար  իրավունքներով  և  պարտականություններով:  Ցանկացած  տեսակի  խտրականությունն  արգելվում  է:

4.7   Հանձնաժողովի  կողմից  որևէ  հարցի  կապակցությամբ  աշխատանքները  սկսելու  պահից  Հանձնաժողովի  անդամների  հաղորդակցությունը  հարցին  ուղիղ  կամ  անուղակի  առնչություն  ունեցող  սուբյեկտի  հետ  արգելվում  է:  Բացառությամբ  եթե  այն  կրում  է  առօրյա  բնույթ:  Հաղորդակցությունը  կարող  է  լինել,  եթե  դրան  մասնակցում  են  ներգրավված  բոլոր  կողմերը:

4.8    Հանձնաժողովի  կողմից  լսումների  և  նիստերի  նախապատրաստման  և  անցկացման  կազմակերպչական  աշխատանքներն  իրականացնում  է  հանձնաժողովի  աշխատակազմը:


5.  Լսումների   իրականացման  ընթացակարգ

5.1 Հասարակական  լայն  հնչեղություն  ունեցող  հարցերի  կապակցությամբ  լսումներ  կարող  են  կազմակերպվել  Հանձնաժողովի  նախաձեռնությամբ,  կարգավորվող  անձի  կամ  սպառողի  պահանջով:
5.2   Լսումների  կազմակերպման  ժամանակ  Հանձնաժողովը  նշանակում  է  հանրային  լսումների  պատասխանատու:
5.3  Հանձնաժողովը  ապահովում  է  քննարկվող  կամ  վիճարկվող  հարցի  վերաբերյալ  ամբողջ  տեղեկատվության  ծանուցումը  շահագրգիռ  անձանց  էլ.  կայքի  միջոցով  կամ/և   ծանուցման  այլ  ձևերով  լսումներից  առնվազն  10  օր  առաջ:
5.4    Լսումներն  անցկացվում  են  նիստերի  անցկացման  կարգին   համապատասխան:


6.   ՆԻՍՏԵՐԻ  ԱՆՑԿԱՑՄԱՆ  ԸՆԹԱՑԱԿԱՐԳ

6.1  Նիստը  նախագահում  է  Հանձնաժողովի  նախագահը, նրա  բացակայության  կամ  պարտականությունների  կատարման  անհնարինության  դեպքում՝  տեղակալը,  կամ  հանձնաժողովի  ամենաերկար  պաշտոնավարող  անդամը:

6.2   Հանձնաժողովի  նիստը  համարվում  է  իրավազոր,  եթե  ներկա  են  հանձնաժողովի  առնվազն  երեք  անդամ՝  այդ  թվում  նիստը  վարելու  իրավասությամբ  օժտված  անձը:

6.3   Հանձնաժողովի  նիստը   սկսվում  է  նախագահողի  կողմից  մասնակիցներին  նիստի  օրակարգին  ծանոթացնելով:  Օրակարգում  ցանկացած  փոփոխություն  կատարվում  է  քվեարկության  միջոցով:

6.4  Հանձնաժողովի  աշխատակազմը  կազմակերպում  է  լսումների  և  նիստերի  ձայնագրումը:

6.5  Այն  դեպքում,  երբ  Հանձնաժողովում  քննվող  հարցի  վերաբերյալ  նախնական  քննարկումներ  չեն  կազմակերպվել,  կողմը  նիստի  օրակարգին  ծանոթանալուց  հետո  իրավունք  է  ստանում  որոշման  նախագծի  վերաբերյալ  ներկայացնելու  իր  դիրքորոշումը:

6.6   Նիստին  ելույթ  ունենալ  ցամկացող  անձիք,  նիստն  սկսելուց առնվազն  15  րոպե առաջ  պետք  է  սահմանված  կարգով  գրանցվեն  համապատասխան  բաժնում:  Չգրանցված  անձիք  ելույթի  իրավունք  են  ստանում  նիստի  վերջում  նախագահողի  հայեցողությամբ:  Ելույթների  համար  տրամադրվում  է  5  րոպե:

6.7   Ելույթ  ունենալու  կողմերի  իրավունքը  սահմանափակման  ենթակա  չէ:

6.8   Ելույթից  հետո  շահագրգիռ  անձիք,  կողմերը  և  հանձնաժողովի  անդամները  ստանում  են  հարցեր  ներկայացնելու  իրավունք:  հարցերը  պետք  է  առընչվեն  միայն  քննարկվող  թեմային:

6.9   Հարցի  քննարկման  ժամանակ  Հանձնաժողովը  պետք  է  լսի  խնդրին  առընչվող  բոլոր  տեսակետները:  ՙԿողմ՚  և  ՙդեմ՚  կարծիքներից  որևէ  մեկի  գերապատվությունը  մյուսի  նկատմամբ  չի  կարող  ընդունվել  հանրության  մեծամասնության  կարծիք:

6.10  Հանձնաժողովի  անդամների  և  կողմերի  առաջարկով  Հանձնաժողովը  կարող  է  ընդունել  որոշում  նիստի  հետաձգման  մասին:  Որոշմամբ  պետք  է  սահմանվի  հաջորդ  նիստի  օրը  կամ  ժամը:

6.11  Ելույթներից  ու  հարց  ու  պատասխանից  հետո  քննարկումն  ամփոփելով  նախագիծը  դրվում  է  քվեարկության:

6.12  Հանձնաժողովի  որոշումներն  իրավազոր  են,  եթե  դրա  օգտին  քվեարկել  են  առնվազն  երեք  անդամ:

6.13   Որոշումն  ստորագրելուց  հետո  առնվազն  մեկ  աշխատանքային  օրվա  ընթացքում  դրա  էլեկտրոնային  տարբերակը  տեղադրվում  է  Հանձնաժողովի  էլեկտրոնային  կայքում,  իսկ  բնօրինակը  պահվում  է  աշխատակազմի  ղեկավարի  մոտ:  Հանձնաժողովի  նիստին  առընչվող  այլ  փաստաթղթեր  պահպանության  են  հանձնվում  համապատասխան  բաժին:

6.14  Հանձնաժողովը  կարող  է  ընդունել  անհատական  և  նորմատիվ  բնույթի  որոշումներ:  Անհատական  բնույթի  որոշումն   ընդունելու  օրվանից  հինգ  օրվա  ընթացքում  այն  սահմանված  կարգով  հանձնվում  է  կողմերին:   Նորմատիվ  բնույթի  որոշումը  սահմանված  կարգով  գրանցվելուց  հետո  հանձնման  է  ենթակա  շահագրգիռ  կազմակերպություններին,  եթե  այլ  բան  նախատեսված  չէ  ՀՀ  օրենքներով  կամ  այլ  իրավական  ակտերով:  

7. ԱՐՏԱՀԵՐԹ  ՆԻՍՏԵՐ
Հանձնաժողովը  կարող  է  արտահերթ  նիստ  հրավիրել  հանձնաժողովի  անդամի  առաջարկությամբ:
Հանձնաժողովի  արտահերթ նիստը հրավիրում  և  վարում  է հանձնաժողովի նախագահը:   Որը  սահմանում  է  նաև  նիստի  օրակարգը:   Արտահերթ  նիստն  անցկացվում  է  նիստերի  անցկացման  կարգին  համապատասխան: