Տնտեսություն

Հանրային  ծառայությունների  ճիշտ  կարգավորումը  տնտեսության  զարգացման  հիմքն  է...

 

Հաճախ  են  ինձ  հարց   տալիս՝  որտե՞ղ  ես  աշխատում  եւ  ի՞նչ  ես  անում:

Պատասխանելն    հարցերին   այս  ինձ  համար   մշտապես  ծանր  է:

Սակայն,  ամեն  անգամ,  թերահավատորեն  պատասխանում  եմ՝  զբաղվում  եմ  հանրային  ծառայությունների  բնագավառի  կարգավորման  խնդիրներով:   Աշխատում  եմ «Հասարակական  պաշտպանների  միություն» /ՀՊՄ/  իրավաբանական  անձերի  միությունում,  որն  իրենից  ներկայացնում  է  այն  հասարակական  կազմակերպությունները,  որոնք  միավորվել  են  գործունեություն  իրականացնելու  հանրային  ծառայությունների  կարգավորման  բնագավառում:

Թերահավատությունս  ավելի  է  մեծանում,  երբ  բնագավառին  քիչ  թե  շատ  ծանոթ  զրուցակիցս  ասում  է՝  իսկ  ի՞նչ  է  անում  հանրային  ծառայությունները  կարգավորող  հանձնաժողովը  /ՀԾԿՀ/,  որ  Դուք  ինչ  անեք:    Զրուցակիցս  ակնհայտորեն  ճիշտ  է:

Հանրային  ծառայությունները,  մասնավորապես,  բնական  մենաշնորհները  պետք  է  կարգավորվեն,  պետք  է  կարգավորվեն  պետության  մասնակցությամբ:  Աշխարհում  կարգավորման  գործընթացը  պետություններն  իրականացնում  են  տարբեր  մեխանիզմներով:  Հայաստանի  Հանրապետությունը  հանրային  ծառայությունների  կարգավորումն  «իրականացնում  է»  պետական  «անկախ»  հանձնաժողովի  միջոցով:  Դրա  համար  կա  օրենք  եւ  ստեղծված  է  հանձնաժողովը   /ՀԾԿՀ/:

Մեղմ  գտնվելու  համար  ասեմ,  որ  հանրային  ծառայությունների  բնագավառում  կարգավորում  ընդհանրապես  չի  իրականացվում,  կամ  ավելի  վատ,  իրականացվում  է  կարգավորման  իմիտացիա:

Ասածս  հիմնավորելու  համար  պետք  է  նշեմ,  որ  ՀՊՄ-ն  արդեն  շատ  երկար  տարիներ  գործում  է  այդ  բնագավառում  եւ   ունի  կարգավորման  գործընթացների  կազմակերպման  եւ  այդ  գործընթացներին  մասնակցության  մեծ  փորձառություն:

Տնտեսության  այս  բնագավառում  գոյություն  ունի  մեծ  խնդիր՝  պրոբլեմ,  հիմնախնդիր:  Ես  կասեի  նաեւ  կարգավորման  մշակույթի  բացակայություն:  Այս  պարագայում  դժվար  է  խոսել  երկրի  տնտեսության  զարգացման  վերաբերյալ:  Ի՞նչ  տնտեսության  զարգացման  մասին  կարող  է  խոսք  լինել,  երբ  անհասկանալի  է  ձեւավորվում  էներգիայի,  գազի, կապի,  հանրային  այլ  ոլորտների  ծառայությունների  սակագները: Ընդհանրապես  անհասկանալի  է  հանրային  ծառայությունների  բնագավառում  ծառայությունների  մատուցման  թույլատվությունների  եւ  լիցենզիաների  տրամադրման  գործընթացները: Չէ  որ  այս  ոլորտները  մեծ  կշիռ  ունեն  երկրի  տնտեսության  զարգացման  մեջ:

Կազմակերպությունում  ամեն  անգամ  քննարկումների  ժամանակ  հարց  է  առաջանում,  իսկ  ո՞վ  պետք  է  բարձրաձայնի  այս  խնդիրը:  Պատասխանը  միանշանակ  է,  իհարկե  ՀՊՄ-ն,  որի  համար  էլ  այն  ստեղծվել  է:

Լինելով  այս  հարցի  վերաբերյալ  մասնագետ,  ունենալով  փորձառություն,  օբեկտիվություն  ցուցաբերելով  պետք  է  ասեմ,  որ  բնագավառի  կարգավորման  լավագույն  մոդելը,  կամ  ձեւը  կարգավորումն  անկախ  հանձնաժողովի  միջոցով  կազմակերպելն  է:  Սակայն,  այդ  հանձնաժողովը  պետք  է  զերծ  մնա  քաղաքական  միջամտություններից  իրականացնելով  անկախ  գործառույթներ,  անպայման  պետք  է  իրականացնի  կարգավորման  օրենքով  սահմանված  գործառույթները: Հակառակ  դեպքում  հանձնաժողովը  կարող  է  խոչընդոտել  եւ  ներկայումս էլ  ՀԾԿՀ-ն  խոչընդոտում  է  տնտեսության  զարգացմանը:  Օրինակները  բազմաթիվ  են՝    հեռախոսակապի,  գազի,  կամ  էներգիայի,  ջրամատակարարման  չհիմնավորված,  հանրային  քննարկումներ  չանցած  սակագներն  ինչպե՞ս  կարող  են  չխոչընդոտել  տնտեսուրյան  զարգացմանը:  Առանց  հանրային  քննարկումների  տրամադրված  թույլատվություններն  ու  լիցենզիաներն  ինչպե՞ս  պետք  է  չխոչընդոտեն  տնտեսության  զարգացմանը:  ՀԾԿՀ-ն  պետք  է  իրականացնի  օրենքով  սահմանված  որոշումների  ընդունման  ժամանակ  թափանցիկության  ապահովման,   ծառայություն  մատուցող  ընկերությունների  եւ  սպառողների  մոտ  խտրականության  բացառման,  ընկերությունների  եւ  սպառողների  շահերի  հավասարակշռման գործառույթներ:

Սակայն,  ՀԾԿՀ-ն  չի  իրականացնում  այս  գործառույթներից  ոչ  մեկը,  ապացուցելով,  որ  նա  չի  իրականացնում  կարգավորում:  Նաեք  խնդրում  եմ  ՀԾԿՀ  էլ. կայքը  վերջին  նորությունները  հանրությանը  տեղեկացվել  են  7-8  ամիս  առաջ:  Ահա  Ձեզ  հանրությանը  իրազեկում:

Օրինակ՝  այդ  հանձնաժողովի  անդամներից  մեկը  պնդում  է,  որ  իրենք  պետք  է  հավասարակշռեն  ծառայություն  մատուցողի  եւ  հանձնաժողովի  շահերը,  իրականում  այդպես  էլ  անում  են:  Տեսեք  հանձնաժողովը,  որը  պետք  է  արբիտրի,  հավասարակշռողի  դեր  կատարի,  դա  օրենքով  է  այդպես,   իրեն  համարում  է  հավասարակշռման  կողմերից  մեկը:  Մեկնաբանությունները  թողնում  եմ  ընթերցողին:

Կամ  այդ  հանձնաժողովի  նախագահը  Ազգային  Ժողովում  հայտարարում  է,  որ  էներգիայի  սակագնի  բարձրացում  չի  լինելու,  այն  դեպքում,  որ  էներգիա  մատակարարող,  կամ  արտադրող  ընկերությունն,  անգամ  այդ  մասին  չի  դիմել  հանձնաժողով:  Սա  պարզապես  օրենքի  խախտում  է:  Իսկ  եթե  օրենքները  հարգվեին,  կամ  ԱԺ-ում  գունե  հասկանային  ինչ  բան  է  կարգավորումը,  ապա  այս  հանձնաժողովի  նախագահը  առնվազն  պետք  է  թողներ  իր  պաշտոնը,  եթե  ոչ  ավելին…   Մեկնաբանությունները  դարձյալ  թողնում  եմ  ընթերցողին:

Այս  խնդիրն,  արդեն  շատ  վաղուց ՀՊՄ-ի  կողմից բարձրացված  է  Հայաստանի  բարձրագույն  իշխանության  առաջ:

Բարձրացված  խնդրի  վերաբերյալ  հանձնաժողովում  քննարկումների  իրականացման  չհասնելու  պատճառով  որոշեցինք  այն  տեղափոխել  ՀՀ  կառավարության  եւ  Նախագահի  քննարկմանը:

Միամտորեն  կարծելով,  որ  բարձրացված  հարցը  քաղաքական  չէ  եւ  կարող  է  այն  քննարկվել  ՀՀ  բարձրագույն  իշխանությունների  մոտ  2009թ.   Սեպտեմբերի  մեկին  այն  ներկայացրել  ենք  ՀՀ  Նախագահի  եւ  Վարչապետի  քննարկմանը:

ՀՀ  Նախագահի  աշխատակազմից  համապատասխան  գրությամբ  մեր  հարցադրումները  ուղարկվում  են  Կառավարություն  քննարկման:  ՀՀ  Վարչապետի  կողմից  համապատասխան  գրությամբ  մեր  հարցադրումները  ուղարկվում  են  ՀՀ  Էկոնոմիկայի  նախարարություն  քննարկումների:  Առաջին  տպավորությամբ  կարծես  թե  բարձրացված  հարցը  տեղին  է  եւ  նա  արժանացել  է  կառավարության  ուշադրությանը:

2010թ.  Ապրիլ-մայիս  ամիսներին  ՀՀ  էկոնոմիկայի  նախարարությունում  այդ  խնդրի  վերաբերյալ նախարար  Ն.  Երիցյանի  ղեկավարությամբ  կազմակերպվում  է  քննարկումներ,  որին  մասնակցում  են  բոլոր  շահագրգիռ  կառույցները:  Բոլորը  գրավոր ներկայացնում  են  իրենց  տեսակետները  հանրային  ծառայությունների  կարգավորման  վերաբերյալ  եւ  նախարարը  խնդրում  է  երկու  շաբաթ  ժամանակ  դրանք  մշակելու  եւ  եզրակացություն  ու  առաջարկություններ  ներկայացնելու  համար:

Հետագայում  պետք  է  պարզենք,  որ  հենց  այստեղ  էլ  ավարտվում  է  էկոնոմիկայի  նախարարության  գործունեությունը  տվյալ  խնդրի  վերաբերյալ:

Նախարարի  երկու  շաբաթին  մենք  սպասում  ենք,  իհարկե,  երեք-չորս  ամիս:  Մենք  դեռ  շատ  երկար  կսպասեինք,  եթե  2010թ.  հոկտեմբերին  չհիշեցնեինք  կառավարությանը,  որ  այդ  երկու  շաբաթն  արդեն  շատ  վաղուց  անցել  է:  Հիշեցումից  հետո  էկոնոմիկայի  նախարարը  մեզ  է  ուղարկում  հետին  թվով  մի  գրություն,  որն  իրենից  ներկայացնում  է՝  հանրային  ծառայությունները  կարգավորող  հանձնաժողովի  նախագահի  պատասխանը  էկոնոմիկայի  նախարարին:  Սա  զավեշտ  է,  էլ  չեմ  ասում  օրենքի  խախտում:

Հասարակական  նախաձեռնության  մեր  խումբը,  վիրավորված  լինելով  այդպիսի  վերաբերմունքից,  փորձելով  լինել  հետեւողական,  դարձայալ  խնդրի  վերաբերյալ  դիմում  է  ՀՀ  Նախագահին  եւ  ՀՀ  Վարչապետին:

ՀՀ  Նախագահի  աշխատակազմից  իհարկե  որեւէ  արձագանք  չկա:  Երեւի  նպատակահարմար  չեն  գտել  արձագանքել  հասարակական  կառույցների,  կարելի  է  ասել  հասարակության  կամ  հանրության  պահանջներին:

Իսկ  կառավարության  կողմից  դարձյալ  էկոնոմիկայի  արդեն  նորանշանակ  նախարարը  մեզ  է  ուղարկում  հերթական  «լղոզված»  պատասխանը,  այն  է՝  իբրեւ  թե  մեզ  ուղարկել  են  մասնագիտական  դիրքորոշում  եւ  ամենակարեւորը՝  մեջբերում  եմ  …Նպատակահարմար  եմ գտնում  ծագած  հարցադրումները  քննարկել  առավել  մասնագիտական  հիմնավորվածության  եւ  ձեւավորված  միասնական  հանրային  կարծիքի  առկայության  պայմաններում:  Այս  գրությունը  մեզ  է  հասցեագրված  30.12.2010թ.:    Իսկ  հարց  է  առաջանում,  ի՞նչու  նախարարը  չի  կազմակերպում  քննարկում:  Կամ  նախարարը  համարում  է,  որ  կառավարությունում  չկան  մանագետներ  որպեսի  հիմավորեն  հարցադրումները  եւ  տան  հստակ  պատասխաններ,  կամ  նա  տեղյակ  չէ,  որ  մենք  ներկայացրել  ենք  մասնագիտական  հիմնավորումներ:  Գուցե  նախարարը  տեղյակ  չէ  նաեւ,  որ  այդ  հարցադրումները  ներկայացրել  են  ոլորտի  բոլոր  հասարակական  կառույցները,  կարելի  է  ասել,   տվյալ  ոլորտում գործունեություն  իրականացնող  ամբողջ  հասարակական  սպեկտորը:

Մնանք  սպասող  քննարկումների  կազմակերպմանը:  Կարծում  ենք,  որ  երկար  կսպասենք,  գուցե  հավերժ…

Սակայն  երկրի  տնտեսությունը  չի  սպասի,   հանրային  ոլորտի  սակագները  կաճեն  չհիմնավորված,  հանրությունից  անկախ, կխորանան  եւ  կզարգանան  մենաշնորհները, որին  կհետեւի  տնտեսության  բոլոր  ճյուղերում  գների  աճ:  Իսկ   կառավարությունը  «քրտնաջան  աշխատելով»  կփորձի  գտնել  գների  աճը  զսպող  մեխանիզմներ:

Ահա  եւ  Ձեզ  տնտեսություն, ահա  եւ  Ձեզ  կառավարություն,  ահա  եւ  Ձեզ  կառավարում…

Եզրակացությունները  ընթերցողին…


 

Արամ  Գրիգորյան

ՀՊՄ  գործադիր  տնօրեն

հեռ.   091-01.05.83

էլ.  կայք  www.hpm.am

Հարցում

Հայաստանի Հանրապետությունում իրականացվու՞մ է հանրային ծառայությունների կարգավորում