Հանրային ծառայությունների կարգավորում

2012թ.  հոկտեմբերի  2-ին  դիմել  էինք  հանրային  ծառայություններ  կարգավորող  հանձնաժողով  /ՀԾԿՀ/  վարչական  վարույթ  սկսելու  «Երևան  Ջուր»  ընկերությանը  տրված  ջրային  համակարգերի  օգտագործման  թույլատվությունը  ժամանակավոր  կասեցնելու  պահանջով:  Պահանջի  հիմնավորումը  ՀՀ  կառավարության  լիազոր  մարմնի՝  Երևանի  քաղաքապետարանի  և  ընկերության  պաշտոնական  դիրքորոշումներն  են,  որոնց  հիմքով  ընկերությունը  խախտում  է  տվյալ  թույլատվության  պայմանները:

Դիմումի  կապակցությամբ  ՀԾԿՀ  անդամը  մեզ  է  ուղարկում  գրություն,  որի  իմաստն  անհասկանալի  է,  և  որի  իրավունքն  այդ  անդամը  չունի:  ՀԾԿՀ-ն  ըստ  օրենքի  կոլեգիալ  մարմին  է  և  որոշումներ  ընդունում  է  կոլեգիալ  ձևով:  Նամակն  ամբողջությամբ  անօրինականություն  է,  այն  ներկայացնում  ենք  ամբողջությամբ.    ՀԾԿՀ  նամակ...

Հասարակական  պաշտպանների  միությունը  ՀՀ  օրենսդրության  համաձայն  երկրորդ  անգամ  է  դիմում  ՀԾԿՀ  սկսել  վարչական  վարույթ  վերը  ներկայացրած  խնդրով:  ՀԾԿՀ-ն  համաձայն  օրենքի  պարտավոր  է  վարույթ  սկսել  և  որոշում  կայացնել:

Ստորև  ներկայացնում  ենք  մեր  մեկնաբանությունները  ՀԾԿՀ  նամակի  կապակցությամբ.

 


2012թ. Հոկտեմբորի 2-ին դիմել ենք հանձնաժողով, որպես վարչական վարույթ իրականացդնող մարմին, 2006թ. Մայիսի 30-ին ՀԾԿՀ N 88Ա որոշմամբ «Երևան-Ջուր» ընկերությանը տրված Երևան քաղաքում ջրային համակարգերի օգտագործման թույլատվությունը կասեցնելու պահանջով:

Դիմումը հետ չի ուղարկվել, չկա հանձնաժողովի կողմից նման որոշում, և համաձայն օրենքի, ենթադրվում է, որ վարույթն սկսվել է:

Ենթադրվում է նաև, որ «Վարչարարության  հիմունքների  և  վարչական  վարույթի  մասին»  ՀՀ  օրենքի  համաձայն պետք է իրականացվեր վարույթ և ընդունվեր վարչական ակտ:

Սակայն, ՀԾԿՀ-ից ստանում ենք հանձնաժողովի անդամի ստորագրությամբ ՍԱ-1830ի 12.10.2012թ.   անհասկանալի գրություն, որի ձևին և բովանդակությանը կանդրադառնանք սույն նամակին կից գրությամբ:

Եթե մի պահ ենթադրենք, որ հանձնաժողովի անդամի ստորագրությամբ ՍԱ-1830ի 12.10.2012թ.   գրությունը սկսված վարչական վարույթի որոշումն է, այսինքն՝ վարչական ակտը, ապա ՀԾԿՀ-ն հերթական անգամ խախտում է ՀՀ օրենսդրությունը, արհամարում է սպառողների իրավունքները: Համաձայն օրենքի  ՀԾԿՀ-ն կոլեգիալ մարմին է: Եթե   հանձնաժողովի փոխարեն որոշումներ է ընդունում հանձնաժողովի անդամը, սա նշանակում է, որ հանձնաժողով գոյություն չունի: ՀԾԿՀ-ն խախտում է «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին, «Վարչարարության  հիմունքների  և  վարչական  վարույթի  մասին»  ՀՀ  օրենքները;

Եթե հանձնաժողովի անդամի ստորագրությամբ ՍԱ-1830ի 12.10.2012թ.   գրությունը տեղեկատվության տրամադրում է, ապա մենք չենք դիմել հանձնաժողով, կամ առավել ևս, հանձնաժողովի անդամին, տեղեկատվություն ստանալու: Սա, ևս նշանակում է, որ հանձնաժողովը, կամ նրա անդամը իր տեղում չէ: Ինչպե՞ս կարելի է ՀՀ կառավարության, որի լիազոր ներկայացուցիչը Երևանի քաղաքապետն է, կամ «Երևան Ջուր» ընկերության պաշտոնական գրությունները անվանել վերացական և չհիմնավորված: Չէ որ մենք այդ պաշտոնական գրություններն ենք դրել վարչական վարույթի հիմքում:

Ղեկավարվելով ՀՀ օրենսդրությամբ կրկնակի անգամ գրությանը կցում ենք վարչական վարույթ սկսելու վերաբերյալ դիմումը, պահանջելով իրականացնել քննարկումներ և ընդունել որոշում դիմումով ներկայացված իրավական հիմքերով:

Նամակին կցում ենք.

  1. Վարչական վարույթ       իրականացնելու       վերաբերյալ դիմումը, առանց       կից փաստաթղթերի, դրանք       գտնվում են հանձնաժողովում: Ավելի       մանրամասն հիմնավորումներ և       փաստաթղթեր կներկայացնենք վարույթի       իրականացման փուլում,   3       թերթ
  2. Ձեր       կողմից ուղարկված ՍԱ-1830ի       12.10.2012թ. գրության կրկնօրինակը, 2       թերթ
  3. Սույն       նամակին կից գրություն, վարչական       վարույթի համար լրացուցիչ օժանդակող նյութ,       3 թերթ

 


 

Սույն նամակին կից գրություն

Հանրային ծառայությունների կարգավորում

Հայաստանի Հանրապետությունում չի իրականացվում,   ՀԾԿՀ-ն  արհամարում  է  սպառողների  իրավունքները

Արդեն նշել ենք, որ ՀԾԿՀ-ից ստացել ենք ՍԱ 1830ի 18.10.2012թ. գրություն:

Եթե նամակի բովանդակությունը արտահայտում է հանձնաժողովի դիրքորոշումը, ապա ստորև ներկայացվածը վերաբերվում է հանձնաժողովին: Եթե դա միայն հանձնաժողովի անդամի անձնական տեսակետն է, որի արտահայտումն անտեղի   և անհասկանալի է, ապա ստորև ներկայացվածը վերաբերվում է այդ անդամին:

Գրությամբ արված են մեկնաբանություններ որի իրավունքը որևէ մեկը չունի օրենքով: Օգտվելով սրանից մենք էլ ներկայացնում ենք մեր մեկնաբանությունը, նույն անտարբեր, արհամարական ոճով:

Այս գրությունը ևս մեկ անգամ ապացուցում է, որ ՀԾԿՀ-ի կողմից արհամարվում են   սպառողների իրավունքները:

Ի դեպ, այս գրությունն ուղարկվելու է ՀՀ Նախագահին, Կառավարություն և Ազգային Ժողով: Երկրի ղեկավարությունը պետք է իմանա ովքեր են իրենց կադրերը: Հարցին ՀՊՄ-ն հաղորդելու է նաև հանրային լայն հնչեղություն, սպառողները պետք է իմանան, թե ուր են գնում իրենց փողերը և ում միջոցով:

Վերը նշված գրության առաջին մասում հանձնաժողովը տեղեկացնում է, թե որ իրավական ակտերով է «Երևան Ջուր» ընկերությունն իրականացնում ջրային համակարգի շահագործում: Իմաստը ո՞րն է, մենք դա չենք հարցրել հանձնաժողովին: Չէ որ մենք մեր դիմումով ներկայացրել էինք ավելի բարձր մակարդակի և բարձր որակի վերլուծություն, և տեղեկացրել էինք, որ խախտվում են թույլատվության պայմանները: Ինչ է հանձնաժողովը, կամ «իրավաբան» անդամը չե՞ն հասկացել սա: Հենց դրա համար պետք էր կազմակերպել քննարկումներ, լսել կարծիքներ, դիրքորոշումներ, հրավիրել շահագրգիռ անձանց և պատասխանատու մարմիններին, որն, ի դեպ, ՀԾԿՀ գլխավոր և միակ գործառույթն է: Չէ որ ՀՀ կառավարությունը, ըստ իր գրության, ինֆորմացված չէ համայնքային սեփականություն համարվող ջրային համակարգերի շահագործման խնդրից /հիմք լիազոր ներկայացուցիչի պաշտոնական գրավոր գրություն/, իսկ ջրային ընկերությունը հրաժարվում է շահագործել այդ համակարգը, խախտելով թույլատվության պայմանները՝ վարձակալությամբ ընդունված ջրային համակարգի շահագործման չիրականացում, /հիմք ընկերության պաշտոնական գրավոր գրություն/:   Հանձնաժողովն իրականացրել է անգործություն: Այս հանձնաժողովին թվացել է, թե սպառողների պահանջներին կարելի է անդրադառնալ միայն ցածր որակի նամակներով:

Վերը նշված գրության երկրորդ մասով հանձնաժողովը, կամ անդամը պնդում են, որ ընկերությանը տրված թույլատվությունը իրականացված են ջրային օրենսգրքին համապատասխան: Մեջբերելով ջրային օրենսգրքի համապատասխան մասը միտումնավոր իրականացնում են կեղծիք: Գրությունում գրված է   ... ջրամատակարարման համակարգի գործունեության նպատակը և այդ գործունեության նկարագրությունը : Իրականում ջրային օրենսգրքում ամրագրված է՝   ... Ջրային համակարգի օգտագործման թույլտվությունը պետք է ներառի՝ 4) տվյալ ոչ մրցակցային ջրամատակարարման համակարգի գործունեության նպատակը և նկարագրությունը.: Հանձնաժողովը սեփական հայեցողությամբ բառեր փոխելով՝ ավելացնելով ցանկացել է վերացնել իր պատասխանատվությունը: Սա կոչվում է իրավական մանիպուլյացիա: Ահա, սա պետք էր քննարկվեր վարույթի ընթացքում և ճշգրտվեր թույլատվության պայմանները: Տվյալ գրությամբ հանձնաժողովը առաջ է տարել իր քմահաճույքը՝ իրեն վեր դասելով օրենքից խուսափել պատասխանատվությունից:

Գրության հաջորդ մասում հանձնաժողովը շատ ու շատ է առաջ գնացել կառավարության և ջրային ընկերության պաշտոնական գրություններն մեկնաբանելով որպես վերացական և չհիմնավորված:   Իրավացիորեն հարց է առաջանում՝   ովքե՞ր են այս հանձնաժողովում, ի՞նչ են իրենց թույլ տալիս: Այս հանձնաժողովում այդպես էլ չեն հասկացել, որ ՀՊՄ-ն իրենից ոչինչ չի հնարել, իր իրավասության սահմաններում կառավարության և ջրային ընկերության պաշտոնական կարծիքներն է տարել ՀԾԿՀ քննարկման: ՀԾԿՀ-ն պետք է շահագրգռված լիներ այս խնդրում: Կարծես թե ՀԾԿՀ-ի շահագրգռվածությունն ուրիշ տեղ է:

Գրությունում խոսվում է բնակչության կենսաապահովման կարևորության մասին, մառանալով, որ հենց իրենք են սահմանել ջրային համակարգերի թույլատվության պայմանների պահպանումն ապահովող միջոցներ, որոնցից մեկն էլ մենք օգտագործել ենք: Հենց սրա համար պետք է ՀԾԿՀ-ն կազմակերպեր քննարկումներ, այսինքն իրականացներ վարույթ, և եթե հանձնաժողովի «իրավաբան» անդամի իրավական գիտելիքները ներում են թող առաջարկեր այլ միջոց:

Գրությամբ հանձնաժողովը, դարձյալ ոչ մի բանից տեղյակ չլինելով, իրեն թույլ է տվել սխալ մեկնաբանել ՀՊՄ առաքելությունը: Հանձնաժողովի համար ներկայացնեմ, որ ՀՊՄ գործունեության գլխավոր առաքելությունը հանձնաժողովի գործունեության կանոնակարգումն է՝   ՀԾԿՀ հաշվետվողականության բարձրացման, գործունեության թափանցիկության բարելավման, սպառողի և կարգավորվող անձի միջև խտրականության բացառման, կարգավորման կողմերի շահերի հավասարակշռման սկզբունքներով: Ժամանակին մենք դա փորձում էինք անել կրթության և նորմալ հարաբերություններ ձևավորելու ճանապարհով: Այժմ դա հնարավոր չէ, որովհետև նորմալ հարաբերություններ ձևավորում են կողմի հետ, իսկ կողմը չկա:

Հանձնաժողովի կողմից ՀՊՄ լուսաբանումն անիմաստ է, ինչպես գրված է վերոգրյալ գրությունում, որովհետև ՀՊՄ-ն երկրի հասարակական և պետական կյանքում շատ ավելի հեղինակություն ունի քան հանձնաժողովը: Սա մեր կարծիքը չէ: Սա վիճակագրություն է:   Ուղղակի, ցավով պետք է նշեմ, որ հանձնաժողովի «իրավաբան» անդամը չի կարողանում տարբերակել իրավունքը պարտականությունից: Հանձնաժողովի կայքում պետք է տեղադրվեն հանձնաժողովում քննարկվող բոլոր նյութերը, նաև սպառողների կողմից ներկայացվող նյութերը: Մի թե դժվար է հասկանալ, որ սա իրավունք չէ, սա հանձնաժողովի պարտականությունն է:

Վերը գրված գրության վերջին պարբերությունում հանձնաժողովի «իրավաբան» անդամը գրում է ՝ ...Ձեր կողմից ներկայացված «հայտը» հանձնաժողովի ինտերնետային կայքում տեղադրելու առաջարկը համարում եմ առարկայազուրկ...: Հարց է առաջանում, ո՞վ է այս մարդը, որ որոշում է ընդունում: Համաձայն օրենքի հանձնաժողովի անդամը   որոշում ընդունելու որևէ իրավունք չունի: Տվյալ պարագայում, միգուցե, առարկայազուրկ է հենց ՀԾԿՀ-ն, կամ նրա տվյալ անդամը:

Ահա այս պայմաններով և ձևով է Հայաստանում իրականացվում հանրային ծառայությունների «կարգավորում»:   Սա խոչընդոտ է երկրի տնտեսության կայուն զարգացմանը:

 

Արամ Գրիգորյան

 

ՀՊՄ գործադիր տնօրեն

ՀՀ Կայուն զարգացման ծրագրի ՔՀՑ խորհրդի անդամ

ՀՀ Կառավարության գործարար խորհրդատվական խորհրդի անդամ

Հարցում

Հայաստանի Հանրապետությունում իրականացվու՞մ է հանրային ծառայությունների կարգավորում