Բաց նամակ Հայաստանի իշխանություններին

Հանրային ծառայությունների կարգավորում,

թե ազգային ունեցվածքի թալան

 

Կարգավորման թեմայով վաղուց եմ գրել և պարզաբանել, որ հանրային ծառայությունների կարգավորում Հայաստանում բովանդակության մեջ չի իրականացվում:   Ցավոք,

պետական այս կարևոր ինստիտուտը, ապաշնորհների պատճառով, այդպես էլ չկայացած, դարձավ ազգային ունեցվածքի թալանն օրինականացնող՝ դակիչ բութ գործիք:

Հարգելիներս, Հայաստանում կա պետական կառավարման լրջագույն ճգնաժամ:

Հայաստան պետությունում, եթե այդպիսին կա, ազգային հարստությունները, բնական մենաշնորհները, պահպանելու զարգացնելու, ի շահ Ազգի արդյունավետ կառավարելու նպատակով, չգիտեմ ում դրդմամբ, ստեղծվել է կարևորագույն պետական ինստիտուտ՝ բնական մենաշնորհների կարգավորման ինստիտուտ: Եվ որպեսզի այդ ինստիտուտը գործի ի շահ Ազգային արժեքների, նրան տրված է պետական անկախ հանձնաժողովի կարգավիճակ՝ ամեն ինչ արված է, որպեսզի այդ հանձնաժողովը զերծ մնա քաղաքական մանիպուլյացիաներից և ճնշումներից: Անգամ, այդ ինստիտուտին տրված է երկրում գոյություն ունեցող ամենամեծ ֆինանսական միջոցները, նպատակով, որ նա իր պատասխանատվությամբ պետք է գործի անկախ քաղաքականությունից՝   պահպանելով ազգային էներգետիկ, հանրային այլ համակարգեր և սպառողների իրավունքներ:

Այսօր Հայաստանի հանրությունը գտնվում է հերթական սակագնային շոուի մեջ: Այնպիսի զավեշտի է վերածվել այս շոուն, որ հերթական անգամ ապացուցվում է Հայաստանում պետության և պետականության բացակայությունը: Հայաստանում չկա օրենք, չկա օրենքի վրա ուշադրություն դարձնող, չկա նաև օրենքից հասկացող ոչ ոք: Սա պետության պակասն է:

Երեկ մասնակից էի այս շոուի հերթական ակցիաներից մեկին՝ Հայաստանի Ազգային Ժողովի հանձնաժողովներից մեկի կազմակերպած խորհրդարանական լսումներին:

Տեսեք, աբսուրդն ինչի է հասել, /սա նաև օրենքի խախտում է, իսկ օրենքի խախտումը մեկ այլ օրենքով՝ հանցագործություն է/, իսկ աբսուրդը հասել է այնտեղ, որ հոսանքի սակագնի վերաբերյալ քննարկումները պետական «անկախ» մարմնում կազմակերպելու փոխարեն, այն տեղափոխել են Ազգային Ժողով՝ քաղաքական մարմին, որն արգելված է օրենքով: Սակագինը պետք է սահմանվի քաղաքականությունից դուրս:

Լավ, ասենք ԱԺ-ում չեն հասկանում դրանից, բա կարգավորող մարմինն ու՞ր է, բա ու՞ր է սակագների կարգավորման անկախ հանձնաժողովը, խախտելով օրենքը ինչի՞ է գնացել ԱԺ, գուցե իրենք էլ չեն հասկանում դրանից: Այո, ունենք պետական կարգավորման, իբրև թե անկախ ինստիտուտ, որտեղ ոչ ոք չի հասկանում իր գործառույթը: Սա դեռ մի կողմ, այդ կառույցի ղեկավարն էլ ԱԺ-ում հայտարարում է, որ չի ուզում իր վրա վերցնել պատասխանատվություն: Այդ դեպքում գլխավոր հարցը. ինչու՞ կա այդ ինստիտուտը, ի դեպ սպառողների հաշվին:

Սակագները կարգավորվում են ծառայություններ մատուցող ընկերությունների և սպառողների համատեղ քննարկումների ընթացքում, ահա սա է սակագների կարգավորումը, որը պետք է տեղի ունենա կարգավորող մարմնում այնքան, ինչքան պետք է: Սա կարգավորող մարմնի միակ գործառույթն է, մնացածն ածանցյալ են այս գործառույթին:

Սակայն Հայաստանի սակագներ կարգավորող մարմինը, վախենալով այս գործընթացից, երբեք չի իրականացնում այն, մշտապես ապացուցելով, որ Հայաստանում սակագները չեն կարգավորվում, որ նրանք սահմանվում են քաղաքականության մեջ:

Եթե հունիսի 17-ին, ինչպես նախատեսված է, հանձնաժողովը առանց քննարկումների հաստատի սակագին, դա կլին օրենքի խախտում և սակագները կլինեն անօրինական:

Այսօր գործող հոսանքի սակագներն ուռճացված են, նորմալ հաշվարկների և կարգավորման ճիշտ գործառույթների իրականացման ընթացքում հոսանքի սակագները կնվազեն այսօրվա գործող արժեքից:

Սա նամակ է ապագայի և սերունդների համար, իսկ դատողություններն արված են բավական մեղմ:

 

Հարգանքով,

 

Արամ Գրիգորյան

ՀՊՄ գործադիր տնօրեն

091-010 583

14.06.2015թ.

Հարցում

Հայաստանի Հանրապետությունում իրականացվու՞մ է հանրային ծառայությունների կարգավորում