Համատիրություններ

Համատիրությունը  ժողովրդավարության  դպրոց  է

 

Կառավարությունը նախատեսում է համակարգային ռեֆորմ իրականացնել և որակապես բարձրացնել բազմաբնակարան շենքերի կառավարումն

ու այն հասցնել պրոֆեսիոնալ մակարդակի: Արդեն իսկ մշակվել է օրենքի նախագիծ, որը, ցավոք, այս պահի դրությամբ, ամենայն հավանականությամբ տեխնիկական պատճառներով, դեռ հրապարակված չէ, ուստի նախագծում տեղ գտած սկզբունքների մասին ավելի մանրամասն խոսել հիմա հնարավոր չէ:


«Համատիրությունների նախագահների ասոցիացիա» հասարակական կազմակերպության նախագահ Արամ Գրիգորյանը, ով բավականին մոտիկից ծանոթ է «ինստիտուտի» թե՛ դե ֆակտո, թե՛ դե յուրե բազում մանրամասների, Past.am-ի հետ զրույցում հույս հայտնեց, որ կառավարությունը ձեռնամուխ կլինի նաև, որ նախագիծը քննարկվի փորձագետների հետ նույնպես, քանի որ միայն գերատեսչական մարմինների քննարկումները բավարար չեն իրականում աշխատող օրենքի նախագիծ մշակելու համար:

«Փորձը ցույց է տվել, որ գերատեսչությունների և փորձագետների մոտեցումները բավականին տարբերվում են իրարից: Ես առաջարկում եմ, որպեսզի փորձագետների հետ նույնպես նախագիծը քննարկվի, քանի որ այդ բնագավառում ամենամեծ խնդիրը, որը շատ սկզբունքային է, կառավարման մոդելի ընտրությունն է: Եթե սկզբունքային այդ հարցերը չդրվեն օրենքի հիմքում և դրանց լուծում չտրվեն, ապա օրենսդրական կարգավորումներից բխող բոլոր հետևանքները կյանքում իրագործելի չեն լինի»,- ասաց Ա. Գրիգորյանը:

Իր տեղեկություններով, առաջարկվող նոր նախագծով կառավարման մոդելի հարցը դեռ որոշված չէ և հայտնի  էլ չէ, թե բազմաբնակարան շենքերի ինքնակառավարմա՞ն, թե՝ կենտրոնական կառավարման  մոդելն է ընտրվելու որպես հիմք: Կա ևս մեկ կարևոր հարց, որը նույնպես դեռևս մնացել է «օդում կախված»:

«Բազմաբնակարան շենքերի կառավարման համակարգում դեռևս սեփականաշնորհման իրավունքի խնդիրը օրենսդրությամբ  լուծված չէ, որն անպայման պետք է կարգավորել: Եվ եթե շենքերի սանդուղքները, տանիքը համարվում են ընդհանուր բաժնային սեփականություն, որը սահմանված է քաղաքացիական օրենսդրությամբ, ապա այդ հատվածների ընդհանրուր բաժնային սեփականության գրանցման որևէ կարգավորում չկա: Եվ եթե պետությունը այդ խնդիրը դեռևս չի կարգավորվել, ուրեմն դրա վրա որևէ իրավունք ունենալ չի կարող: Այս ամենը սկզբունքային խնդիրներ են, որոնք առաջին հերթին պետք է լուծվեն: Դրանից հետո միայն մոդելավորում պետք է իրականացվի և դրան համապատասխան օրենք մշակվի»,- ասաց Ա. Գրիգորյանը:

Ի դեպ, այս բնագավառն ուսումնասիրելու համար կառավարությունը ժամանակին Համաշխարհային բանկից վերցրած վարկային գումարներով վարձել է միջազգային փորձագետ, բայց հետագայում գրված օրենքի նախագիծը նրա ներկայացրած եզրակացության հետ որևէ աղերս: Արդյունքում ունենք այն, ինչ ունենք. ձևով՝ նորացված, կառավարման «բովանդակությամբ»՝  խորհրդային տարիների:

«Ներկայի համատիրությունները ես կբնութագրեի՝ ընդհանրապես բովանդակություն չունեցող,  ձևական ինչ-որ մի բան, որը դժվար է կառույց անվանել: Եվ երբ հարցնում եմ, թե ինչպես դարձան համատիրություն, ինձ պատասխանում են՝ դռան վրայի «ժեկի» ցուցանակը փոխեցինք, գրեցինք «համատիրություն»:

Կառավարության մտահոգությունը համատիրությունների կառավարումը կենտրոնացնելն է, որպեսզի այն հեշտ կառավարվի, բայց դա կբերի շատ վատ հետևանքների»,- համոզված է փորձագետը:

Կազմակերպության նախագահի կարծիքով ընդհանրապես շենքերի կառավարման երկու մոդել կա: Առաջինի համաձայն բազմաբնակարան շենքերի կառավարումը պետք է իրականացվի տեղական ինքնակառավարման համակարգի սկզբունքներին համապատասխան, և դրանք պետք է լինեն ՏԻՄ կառույցներում: Մյուսի համաձայն համատիրությունները պետք է լինեն լրիվ անկախ կառույցներ և ունենան անկախ կառավարման մոդել:

«Մեկ դիտարկում ևս: Օրենսդրության համաձայն Հայաստանում բնակչության սպասարկումն իրականացնում են ՏԻՄ-երը, իսկ համատիրությունները միայն պետք է լուծեն ընդհանուր բաժնային սեփականության կառավարման և պահպանման խնդիրը: Սրանք այն սկզբունքային հարցերն են, որոնք առաջին հերթին պետք է լուծվեն: Բոլորն էլ ցանկանում են ոլորտը կանոնակարգել, որպեսզի լավ արդյունք ստանան, բայց լավ արդյունք ունենալու համար առաջին հերթին պետք է հստակ սահմանվեն լիազորությունները և դրանց իրականացման մեխանիզմները»,- ասաց Ա. Գրիգորյանը:

Հարցում

Հայաստանի Հանրապետությունում իրականացվու՞մ է հանրային ծառայությունների կարգավորում